Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը Պոլսի <<Դալար>> երգի ու պարի խմբի հետ
Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոլսից Հայաստան ժամանած Մխիթարյան սանուց միության <<Դալար>> երգի ու պարի խմբի անդամներին:
Մխիթարյան սանուց միության անդամներից Դիանա Գամբարոսյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց երգի ու պարի խումբը և Հայաստանում գտնվելու ծրագիրը, իսկ խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն անդրադարձավ խմբի ստեղծմանը և ներկայիս գործունեությանը:
Այնուհետև Նորին Սրբությունն ողջունեց պարախմբի առաջին այցը Հայրենիք` ուրախություն հայտնելով, որ առիթը պիտի ունենան մասնակից դառնալու նաև Հայրենիքի անկախության 20-ամյակին նվիրված տոնախմբություններին:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց խմբի անդամներին` պոլսահայության համայնքային կյանքում աշխուժություն մտցնելու և ազգային ավանդույթները նախանձախնդրորեն պահպանելու համար` հորդորելով նրանց շարունակել ապրել պոլսահայերին բնորոշ աստվածսիրության և ազգայնասիրության ոգով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ այս խմբի օրինակը կխանդավառի նաև Սփյուռքի այլ հայորդիներին` ամուր և անսասան պահելու ազգային մեր ավանդները: